Իմ պապիկի այգին

Սա իմ պապիկի այգին է, այն շատ մեծ է, այնտեղ կան շատ բերքատու ծառեր՝ ծիրանենի, խնձորենի, դեղձենի, սալորենի, թթենի, մորու և հաղարջի փթեր, խաղող և շատ այլ ծառեր։ Կան նաև եղևնիներ, տարբեր գեղեցիկ ծաղիկներ, որոնք աճեցնում է իմ տատիկը։ Պապիկս ասում է, որ այսպիսի գեղեցիկ այգի մշակելը շատ դժվար է և մեծ աշխատանք է պահանջում։ Այգու աշխատանքները սկսվում են գարնանը։ Նախ պետք է էտել բոլոր ծառերը, այսինքն հեռացնել անպետք ճյուղերը, որպեսզի ծառը ավելի լավ աճի և շատ բերք տա։ Հետո պետք է ներկել ծառերի բունը հատուկ սպիտակ նյութով, որպեսզի միջատները ծառը չվնասեն։ Պետք է նաև փխրեցնել հողը ծառերի շուրջը։ Երբ գարնանը անձրև է գալիս, դա շատ լավ է ծառերի համար, բայց եթե հանկարծ ծաղկած ծառերի վրա ձյուն է գալիս և ցուրտ է լինում, ծաղիկները փչանում են և բերք չեն տալիս։ Հույս ունենք, որ այս տարի շատ բերք կունենանք և համեղ մրգեր կուտենք։