Սնկեր

Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 
Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ):
Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով: 
Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է: Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա: 
Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն: